Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Չինաստանի կոմկուսի համագումարը` Սին մնու՞մ է

Չինաստանի կոմկուսի համագումարը` Սին մնու՞մ է
19.10.2017 | 10:17

Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի նախօրեին Պեկինում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել: Արգելված է կրակ վառել Ժողովների ժողովրդական տան մերձակայքում (որ որոշ ռեստորանատերերի հարկադրել է ժամանակավորապես չաշխատել), դուք չեք կարող բնակարան վարձել Պեկինի կենտրոնում` օգտվելով Airbnb-ի ծառայություններից, սահմանափակված է մայրաքաղաքում հեղուկների, դանակների ու նույնիսկ խաղալիք զենքի տեղաշարժը, արգելված են անօդաչու սարքերի, աերոստատների թռիչքները: Համագումարը խոստանում է մեծ փոփոխություններ չինական քաղաքական հիերարխիայում:

Նախ` պետության առաջին դեմքերի ավանդական ռոտացիային 10 տարին մեկ, վերջ է դրվում։ Սպասվում է, որ կոմկուսի քաղբյուրոյի Մշտական կոմիտեում անդամների թիվը 7-ից կդառնա 5։ Դա նշանակում է, որ նախագահ Սի Ցզինպինի ու վարչապետ Լի Կեցյանի առավել հավանական իրավահաջորդները այնտեղ չեն հայտնվի և չեն կարող դառնալ Սի Ցզինպինի ժառանգորդը, երբ նա հեռանա։ Նրանցից մեկը` հուլիսին ձերբակալված և կուսակցական բոլոր պաշտոնները կորցրած Սուն Չժենցայը, այլևս ոչ մի տեղում չի հայտնվի, իսկ երկրորդ թեկնածու Խու Չունխուայի քաղաքական հեռանկարներն ընդհանրապես մխիթարական չեն։ Երկրորդ` պետության կոլեկտիվ ղեկավարության սկզբունքը, որ պահպանվում էր Դեն Սյաոպինի ժամանակներից, նույնպես կվերանայվի: Պաշտոնապես ՉԺՀ նախագահի պաշտոնը երկու հնգամյակից ավելի, առանց ընդմիջումի, հնարավոր չէ զբաղեցնել, դա հակասում է Սահմանադրությանը։


Ռուսաստանի օրինակով փոխատեղման խաղերը Սի Ցզինպինին հազիվ թե գրավում են, չկա մեկը, ում նա կարող է վերադարձի երաշխիքով 5 տարով իշխանությունը հանձնել: Բայց այդ պաշտոնը, դիտորդների կարծիքով, նրա համար առանցքային չէ։ Շատ ավելի կարևոր է պահպանել կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնը և զինված ուժերի վերահսկողությունը, այսինքն` կուսակցության ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը։
Ընդլուսնյայի նորագույն պատմության մեջ նման նախադեպեր եղել են` և Դեն Սյաոպինը, և Ձյան Ձեմինը պահել են գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը` իշխանությունից հեռանալուց մի քանի տարի հետո էլ: Չինաստանի քաղաքական ավանդույթը պահանջում է, որ պետական բարձր պաշտոնյաները տեղում նստած չմնան 68 տարեկանից հետո և թոշակի գնան համագումարում: Ճիշտ է, այդ ավանդույթը պաշտոնական չէ և ուժերի ներկա դասավորությունը իշխանական վերնախավում Սի Ցզինպինին չի խանգարում շրջանցել այս կանոնը: Անձամբ իրեն այդ կանոնը չի վերաբերում` նա դեռ 64 տարեկան է: Շատ հետաքրքիր է 69-ամյա Վան Ցիշանի` Սի Ցզինպինի վաղեմի ընկերոջ ու կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի նախագահի, փաստացի` ներքին անվտանգության ղեկավարի, ճակատագիրը։ 2012-ին իշխանության գալով` Սի Ցզինպինը ակտիվ պայքար սկսեց կոռուպցիայի դեմ, որի շրջանակներում պաշտոնը մեկ միլիոն մարդ կորցրեց: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ իրականում պայքարի նպատակը կուսակցական ու բյուրոկրատական շարքերը Սիի հակառակորդներից կամ պարզապես անհուսալի մարդկանցից մաքրելն էր: Նրանց տեղում, հասկանալի է, նշանակվեցին նախագահի կողմնակիցները: Հիմա հերթը հասել է բարձրագույն ղեկավարությանը: Փորձագետների գնահատականով` այս համագումարում վարչապետ Լի Կեցյանը (նա նախկինում Սի Ցզինպինի հետ մրցակցում էր ՉԺՀ-ի նախագահի պաշտոնի համար) կարող է հեռանալ պաշտոնից և նրան կփոխարինի Վան Ցիշանը: Վանը լավ մենեջեր ու ֆինանսիստ է համարվում և հավանաբար Լիից լավ վարչապետ կլինի, իսկ Կեցյանին վերլուծաբանները պատվավոր, բայց աննշան պաշտոն են կանխատեսում։
Վանի ու Սիի մտերմությունը և կառավարման նրա փորձը երկու անփոխարինելի որակներ են կառուցվածքային փոփոխությունների համար, որոնց մասին նախագահը հայտարարել է դեռ 2013-ին և որոնց իրականացման համար, կարծես, պատրաստվում է խախտել Չինաստանի կառավարման քաղաքական կանոնները:


Եթե 69-ամյա Վան Ցիշանը իրոք դառնա վարչապետ, դիտորդների կարծիքով, դա կնշանակի, որ Սի Ցզինպինը որոշել է անցնել կոմկուսի ներքին կանոնների վրայով և կշարունակի երկիրը ղեկավարել նաև հաջորդ` 20-րդ համագումարից հետո։ Իշխանությունն ամրացնելու Սի Ցզինպինի ձգտումը ընդհանուր առմամբ հասկանալի է` նրա ձեռնարկած մասշտաբային բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել 5, նույնիսկ 10 տարում։ Սակայն իշխանության նշանակալից կուտակումը նախագահի ու նրա մարդկանց ձեռքում հարվածի տակ է դնում ղեկավարության փոխարինելիության սկզբունքը:


Չինաստանում բացվել է կառավարության վերջին տարիների ձեռքբերումների ցուցահանդեսը` լայնորեն ներկայացված են գիտությունը, տրանսպորտը, ռազմական արդյունաբերությունը, սպորտը, էթնիկ փոքրամասնությունները, բայց ամենից շատ Սի Ցզինպինի լուսանկարներն են` հարյուրներով: China Daily անգլերեն թերթը ամեն օր առաջին էջում ներկայացնում է նյութեր` ինչպես Սիի այցերը ազդեցին գյուղերի, քաղաքների, մեգապոլիսների վրա, ինչպես փոխվեց կյանքը (բնականաբար` դեպի լավը), երբ գլխավոր քարտուղարն իր առաջարկներն արեց: Պաշտոնատար անձինք իրենց ելույթներում ընդգծում են, որ իրենց կարծիքի հիմքում Սի Ցզինպինի տեսակետներն են: Չինաստանի գլխավոր սոցիալական ցանցում` WeChat-ում գրել, որ, օրինակ, Սի Ցզինպինն աստիճանաբար նմանվում է իր հյուսիսկորեացի գործընկերոջը, անհնար է` ինտերնետի անցուդարձին պետության վերահսկողությունն օրեցօր ուժեղանում է: Սեպտեմբերին Չինաստանի հեռուստասերիալները ստացան նոր կանոններ` հիմա նրանք պարտավոր են «բարձրացնել մարդկանց մշակութային ճաշակը» և «ամրապնդել հոգևորը»: Կոմունիստական կուսակցությունը, երկիրը, մարդիկ, ազգային հերոսները` այստեղ են նրանց դրական կերպարները: Եվ` նախագահ Սիի կերպարը բոլորից բարձր է: Սի Ցզինպինը համագումարին համակողմանի զեկույց է ներկայացնելու, որից կարելի է ենթադրել Չինաստանի քաղաքականության առաջիկա 5 տարիների վեկտորները: Վերլուծաբանները համակարծիք են, որ քաղաքականությունը կմնա կայուն ու կանխատեսելի: Կայունությունն ու հանդարտությունը ընդհանրապես չինական քաղաքական մշակույթին բնութագրական են վաղեմի ժամանակներից: Սակայն Չինաստանի հարուստ պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ իշխանության չափազանց կուտակումը հարվածել է և կառավարողին, և տերությանը:
Միխայիլ ՍՄՈՏՐՅԱԵՎ, ВВС


Հ.Գ. Այնուամենայնիվ, Արևմուտքի ու Արևելքի մեջ կան քաղաքակրթական անհաղթահարելի տարբերություններ, մենթալիտետը իր խոսքն ասում է` եվրոպացիների տեսակետները և չինացիների ընկալումները ճշտի ու սխալի, շահեկանի ու վնասակարի մասին շատ տարբեր են: Չինացիները պրագմատիկ են, եվրոպացիները` իդեալիստ: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ